Հնդկաստանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Պակիստանի կողմից ցանկացած ռազմական գործողություն կարժանանա «շատ, շատ կոշտ պատասխանի»։
«Մեր պատասխանը նպատակային և չափված էր։ Մենք չունենք իրավիճակը սրելու մտադրություն», - ասել է արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
«Բայց թող ոչ ոք չկասկածի, որ եթե մեր դեմ ռազմական հարձակումներ լինեն, դրանք կարժանանան շատ, շատ կոշտ պատասխանի»։
Ջայշանկարի հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ Նյու Դելին անօդաչու թռչող սարքերով հարձակումներ իրականացրեց Պակիստանի մի քանի քաղաքների վրա։ Պակիստանի բանակը հայտարարել է, որ խոցել է առնվազն 25 իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարք։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը խոստացել է վրեժ լուծել Հնդկաստանի կողմից չորեքշաբթի առավոտյան իրականացված մահացու հրթիռային հարձակումներից հետո։ Քաշմիրի վերահսկողության գծի երկայնքով տեղի ունեցած փոխհրաձգությունները վերաճել են հրետանային կրակի։
Չորեքշաբթի օրվա բռնության հետևանքով սահմանի երկու կողմերում զոհվել է առնվազն 45 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Էրաքչին Ջայշանկարի հետ հանդիպել է Նյու Դելիում՝ Պակիստան այցելելուց մի քանի օր անց։ Թեհրանը փորձում է միջնորդել միջուկային զենք ունեցող երկու հարևանների միջև։
Հնդկաստան ժամանելուց հետո Էրաքչին ասել է. «Բնական է, որ մենք ցանկանում ենք նվազեցնել լարվածությունը» Հնդկաստանի և Պակիստանի միջև ու ավելացրեց․
«Մենք հույս ունենք, որ կողմերը կցուցաբերեն զսպվածություն՝ տարածաշրջանում լարվածության սրումից խուսափելու համար»։