Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «New York Post»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկվում է համաձայնագիր՝ Վաշինգտոնի կողմից Ուկրաինայից մարտադաշտում փորձարկված անօդաչու թռչող սարքեր գնելու, իսկ Կիևի կողմից՝ ԱՄՆ-ից զենք գնելու վերաբերյալ։
Նախագահ Զելենսկին նշել է, որ ուկրաինական արտադրության անօդաչու թռչող սարքերը կարող են հարվածել Ռուսաստանի տարածքի մինչև 1300 կիլոմետր խորության վրա գտնվող թիրախներին։
Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ անօդաչու թռչող սարքերը հիմնական գործիք են եղել, որը թույլ է տվել իր երկրին դիմակայել ռուսական ներխուժմանը ավելի քան երեք տարի։
«Մենք պատրաստ ենք կիսվել այս փորձով Միացյալ Նահանգների և մեր մյուս եվրոպացի գործընկերների հետ», - ասել է նախագահ Զելենսկին՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում Դանիայի, Նորվեգիայի և Գերմանիայի հետ։
Խորհրդարանում իր նոր կառավարությունը ներկայացնելու համար ելույթ ունենալով՝ Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ի հետ ապագա համաձայնագրերի մասին, որոնք կամրապնդեն երկիրը, բայց մանրամասներ չի ներկայացրել։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պաշտպանության և ազգային անվտանգության բյուջեի հայտը հաջորդ տարվա համար կոչ է անում ավելացնել փոքր զինված անօդաչու թռչող սարքերի վրա ծախսերը։ Այս աճը պայմանավորված է Ուկրաինայում պատերազմի ժամանակ անօդաչու թռչող սարքերի՝ որպես էժան, բայց բարձր արդյունավետ ռազմական գործիքի, առաջատար դիրք զբաղեցնելով։