Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները։
«Մենք ստացել ենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, այդ թվում՝ ԱՄՆ-ից և մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր զեկույցների համաձայն՝ օգնության մատակարարումները վերականգնվել են»,- նշել է նա իր երեկոյան ելույթում ուրբաթ օրը։
Ուկրաինայի ռազմական պաշտոնյաները հաջորդ շաբաթ կհանդիպեն ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ, ասաց Զելենսկին։
«Մենք կշարունակենք մեր աշխատանքը հաջորդ շաբաթ ամերիկյան կողմի հետ ռազմական մակարդակով, մասնավորապես՝ մեր զինվորականները կաշխատեն գեներալ Քելլոգի հետ։ Մենք նաև պատրաստում ենք նոր եվրոպական պաշտպանական փաթեթներ»,- նշեց նա։
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քելլոգը նախատեսում է երկուշաբթի ժամանել Կիև՝ մեկշաբաթյա այցով։
Քելլոգը, ով մասնակցում էր Հռոմում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովին, ուկրաինական Novyny.LIVE լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է. «Մենք երկուշաբթի կլինենք Կիևում։ Մենք այնտեղ կմնանք ամբողջ շաբաթ»։
Հարձակումների ուժեղացում
Ռազմական կապերի վերսկսումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը ուժեղացնում է իր հարձակումները ուկրաինական քաղաքների վրա, ներառյալ այս շաբաթ գիշերային երկու հարձակումները՝ մեծ թվով անօդաչու սարքերով և հրթիռներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի միջոցով զենք կմատակարարի Ուկրաինային և որ երկուշաբթի կանի «խոշոր հայտարարություն» Ռուսաստանի վերաբերյալ։
Նա վերջին շաբաթվա ընթացքում արտահայտել է իր դժգոհությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ՝ հարձակումների և հակամարտության լուծման ուղղությամբ հրադադարի չկիրառման պատճառով։
Իր ելույթում Զելենսկին ներկայացրել է դժվարին առաջնագծային տարածքների վերաբերյալ զեկույցների ընդհանուր պատկերը, որտեղ, ըստ նրա, ուկրաինացի զինվորականները վերջին շաբաթվա ընթացքում աչքի են ընկել։