ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն արդեն ուժի մեջ է մտել՝ կոչ անելով երկու կողմերին հետևել դրան։
«ՀՐԱԴԱԴԱՐՆ ԱՐԴԵՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է։ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՉԽԱԽՏԵԼ ԱՅՆ»,- երեքշաբթի առավոտյան Truth Social սոցիալական հարթակում գրել է Թրամփը։
Երկուշաբթի օրը Իրանը հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ԱՄՆ-ի ռազմական Ալ Ուդեյդ օդային բազային՝ լարվածությունը կտրուկ սրելով ԱՄՆ-ի կողմից կիրակի օրը Իրանի երեք միջուկային օբյեկտների թիրախավորումից հետո։
Ահա աշխարհի տարբեր երկրների արձագանքները․
Գերմանիա
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի կոչը և X-ում իր գրառման մեջ կոչ է արել երկու կողմերին հետևել դրան։
«Եթե այս հրադադարը հաջողվի Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի վճռական ռազմական հարվածներից հետո, դա շատ լավ զարգացում է»,- երեքշաբթի գրել է Մերցը։
Չինաստան
Չինաստանը կոչ է արել խուսափել «լարվածության աճից»՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հրադադարի կարևորությունը Իսրայելի և Իրանի միջև։
Ճապոնիա
Ճապոնիան ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի և Իրանի միջև «լիակատար» հրադադարի հայտարարումը՝ հայտնելով «մեծ հույս», որ այն կիրականացվի, հաղորդում է տոկիոյաբնակ Kyodo News-ը։
ԵՄ
Եվրոպական Միությունը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ այն որակելով որպես «կարևոր քայլ» տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղությամբ։
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կողմ է Իսրայելի և Իրանի միջև հրադադարին, սակայն դժվար է ասել՝ այն երկար կտևի, թե ոչ։