Լիտվայի խորհրդարանը հինգշաբթի օրը որոշեց, որ Լիտվայում բնակվող ռուսաստանցիները, ովքեր առանց օբյեկտիվ պատճառի երեք ամիսը մեկ անգամից ավելի հաճախ այցելում են Ռուսաստան կամ Բելառուս, կկորցնեն իրենց բնակության թույլտվությունները, հաղորդում է հանրային հեռարձակող LRT։
Այնուամենայնիվ, խորհրդարանը հրաժարվեց նույն միջոցառումները կիրառել բելառուսների նկատմամբ՝ մեղմացնելով նախնական առաջարկը, ըստ հեռարձակողի։
Հիշեցնենք, որ Լիտվայի հետախուզական ծառայությունները կոչ էին արել քաղաքական գործիչներին խստացնել մուտքի սահմանափակումները բելառուսների համար՝ նշելով, որ չեն կարող ստուգել բոլոր նոր ժամանողներին։
Լիտվան 2023 թվականին ընդունեց օրենք, որով դադարեցրեց Շենգենի և ազգային վիզաների դիմումների ընդունումը ռուսաստանցիներից և բելառուսներից, բացառությամբ այն դեպքերի, երբ գործընթացը միջնորդվում է Արտաքին գործերի նախարարության կողմից։
Այս քայլը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և սահմանափակել ագրեսոր երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների որոշ իրավունքներ։