Լեհաստանը վերջին երեք օրերի ընթացքում Բելառուսի հետ սահմանին գրանցել է ավելի քան 550 անօրինական սահմանահատման փորձեր, ինչը տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերսկսվող միգրացիոն ճգնաժամի վախ է առաջացրել:
Լեհաստանի Սահմանապահ ծառայությունը երկուշաբթի հայտնել է, որ օգոստոսի 9-11-ը ընկած ժամանակահատվածում երկրի արևելյան Պոդլասկի մարզում Բելառուսի կողմից իրականացվել է ավելի քան 550 անօրինական անցման փորձ, հաղորդում է լեհական TVP World հեռուստաալիքը:
Պաշտոնյաների խոսքով՝ այս անցումների մասշտաբն ու բռնության մակարդակը աճել են. միգրանտները սահմանապահների և զինվորների վրա նետում են տարբեր առարկաներ, այդ թվում՝ Մոլոտովի կոկտեյլներ:
Ծառայության կողմից հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի քանի անձինք բարձրանում 5 մետր բարձրությամբ պատնեշի վրա, սակայն նրանց կանգնեցնում են պարեկները:
«Մի քանի անգամ տեխնիկական պատնեշի մյուս կողմում գտնվող անձինք ագրեսիվ գործողություններ են իրականացրել՝ քարեր և ճյուղեր նետելով լեհական պարեկների վրա»,- գրել է Լեհաստանի Սահմանապահ ծառայությունը X հարթակում:
Վարշավան մեղադրում է Բելառուսին և նրա դաշնակից Ռուսաստանին՝ Լեհաստանն ու ԵՄ-ն ապակայունացնելու նպատակով սահմանային ճգնաժամ ստեղծելու մեջ: Ըստ լեհական իշխանությունների՝ 2021 թվականի կեսերից Բելառուսը աջակցում է Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից միգրանտներին՝ անտառային և ճահճային տարածքներով Լեհաստան և, հետևաբար, ԵՄ տարածք մուտք գործելու համար:
2024 թվականի հուլիսին Լեհաստանի խորհրդարանը ընդունեց օրենք, որը վերացնում է քրեական պատասխանատվությունը սահմանապահների կողմից զենքի կիրառման համար երկրի արևելյան սահմանին: Այս որոշումը կայացվեց երկու միջադեպերից հետո. առաջինում՝ 2024 թվականի հունիսին, զինվորականը մահացավ միգրանտի կողմից դանակով հարված ստանալուց հետո, իսկ երկրորդում՝ ռազմական ոստիկանությունը ձերբակալեց երկու զինվորների, ովքեր նախազգուշական կրակոցներ էին արձակել միգրանտների ուղղությամբ: