Ճապոնիայի առաջնորդները կրկին կոչ արեցին ունենալ միջուկային զենքից զերծ աշխարհ, երբ Ճապոնիան նշեց Հիրոսիմայի վրա ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծության 80-ամյակը։
NHK հեռուստաալիքի հաղորդմամբ՝ վարչապետ Շիգերու Իշիբան վերահաստատեց իր երկրի հանձնառությունը գլոբալ միջուկային զինաթափմանը և ասաց, որ Ճապոնիան միակ երկիրն է, որը պատերազմի ժամանակ տուժել է ատոմային ռմբակոծություններից։
«Երբ ես այցելեցի Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիր, ես կրկին վճռականությունս հայտնեցի, որ այս անտանելի փորձություններն ու հիշողությունները չպետք է թույլ տրվեն, որ մարեն և պետք է փոխանցվեն ապագա սերունդներին։ 80 տարի է անցել Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբից, որը մի ակնթարթում այս քաղաքը վերածեց այրված անապատի, և ես հարգանքով անկեղծորեն ցավակցեցի նրանց հոգիներին, ովքեր զոհվեցին», - ասաց վարչապետ Շիգերու Իշիբան չորեքշաբթի օրը Հիրոսիմա քաղաքի Խաղաղության հուշահամալիրում կայացած արարողության մասնակիցներին։
Ելույթ ունենալով՝ Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուին զգուշացրեց «աշխարհում ռազմական ուժի կուտակման արագացող միտման մասին»՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմի և Իսրայելի կողմից Գազայի դեմ պատերազմի ֆոնին։
«Այս զարգացումները կոպտորեն անտեսում են այն դասերը, որոնք միջազգային հանրությունը պետք է քաղեր պատմության ողբերգություններից», - ասաց Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուին։
Արարողությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 8:15-ին (երեքշաբթի՝ ժամը 23:15 GMT), այն պահին, երբ ԱՄՆ-ն 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա նետեց ատոմային ռումբը։
Կենդանի մնացածների թիվը նվազում է
Պայթյունը ավերեց քաղաքը և այդ տարվա վերջին խլեց մոտ 140,000 մարդու կյանք։ Հաջորդող տասնամյակների ընթացքում հազարավորներ տառապեցին ճառագայթահարման հետ կապված հիվանդություններից։
«Փոքրիկ տղայից» երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, Նագասակիում մեկ այլ ատոմային ռումբ խլեց 74,000 մարդու կյանք։ Ճապոնիայի կայսրությունը հանձնվեց օգոստոսի 15-ին՝ վերջ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Այսօր Հիրոսիման 1.2 միլիոն բնակչություն ունեցող ծաղկուն մետրոպոլիս է, բայց հարձակումները շարունակում են ապրել շատերի հիշողության մեջ։
Արարողության նախօրեին մոտ 55,000 մարդ սկսեց հերթ կանգնել՝ հուշարձանի առջև զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար։
Մացուի Կաձումին այգու հուշարձանում տեղադրեց զոհերի թարմացված ցուցակը։ Այժմ այնտեղ կա 349,246 անուն։
Մինչ լուսաբացը, հարձակման ժամանակ սիրելիներին կորցրած ընտանիքները նույնպես եկան աղոթելու։ 96-ամյա Յոշիե Յոկոյաման, որը ժամանել էր անվասայլակով իր թոռան հետ, լրագրողներին ասաց, որ իր ծնողներն ու տատիկն ու պապիկը ռումբի զոհեր են եղել։
«Իմ պապիկը մահացավ ռմբակոծությունից անմիջապես հետո, մինչդեռ հայրս ու մայրս մահացան քաղցկեղով հիվանդանալուց հետո։ Իմ սկեսուրը նույնպես մահացավ, ուստի ամուսինս այլևս չկարողացավ տեսնել նրանց, երբ պատերազմից հետո վերադարձավ մարտադաշտերից։ «Մարդիկ դեռ տառապում են», - ասաց Յոշիե Յոկոյաման։
Չորեքշաբթի օրվա արարողությանը պետք է մասնակցեին մոտ 120 երկրներ և տարածաշրջաններ, այդ թվում՝ առաջին անգամ թայվանական և պաղեստինյան ներկայացուցիչներ։ Միացյալ Նահանգները, որը երբեք պաշտոնապես ներողություն չի խնդրել ռմբակոծությունների համար, ներկայացված էր Ճապոնիայում իր դեսպանի կողմից։ Ռուսաստանը և Չինաստանը բացակայում էին։
Իր խաղաղության հռչակագրում Կազումին կոչ արեց համաշխարհային առաջնորդներին այցելել Հիրոսիմա և անձամբ տեսնել միջուկային զենքի պատճառած ավերածությունները։ Նա կոչ արեց ստեղծել նոր միջազգային անվտանգության համակարգ՝ հիմնված երկխոսության և վստահության վրա։
Քանի որ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններից ողջ մնացած զոհերի թիվը նվազում է մինչև 100,000-ից պակաս, իսկ միջին տարիքը՝ 86 տարեկանից բարձր, պաշտոնյաներն ու ակտիվիստները շեշտել են նրանց պատմությունները ապագա սերունդների համար պահպանելու հրատապությունը։